ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին։
chess24.com-ից տեղեկանում ենք, որ Սարգսյանը խաղացել է սպիտակ ֆիգուրներով, և այժմ նա 8 միավորով առաջնության առաջատարն է։
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, երրորդը` 10 հազար եվրո:
Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կավարտվի ապրիլի 7-ին:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովսեփյանը։