ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր Փարիզում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին է փոխանցել ՌԴ արտասահմանյան ընկերությունների persona non grata հայտարարված աշխատակիցների ցուցակը. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությանը։
«Ապրիլի 5-ին ՌԴ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է շինծու պատրվակով persona non grata հայտարարված ՌԴ արտասահմանյան ընկերությունների աշխատակիցների ցուցակը։ Դեսպանն իր կողմից վճռական բողոք է արտահայտել Ֆրանսիայի իշխանությունների անբարյացակամ գործողության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դա վնասում է առանց այդ էլ ներկա պահին բարդ ռուս-ֆրանսիական հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու պաշտոնական Փարիզի գործողություններին։
Ավելի վաղ Իտալիան հայտարարել է 30, իսկ Դանիան՝ 15 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին։