ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Օշական գյուղում երիտասարդները փորձել են մոտ 270 լիտր կոնյակ գողանալ կոնյակի և գինու գործարանից, բայց ոստիկանները նկատել են նրանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 3-ի լուսադեմին Օշական գյուղում գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանները նկատել են երկու երիտասարդի, որոնք կոնյակի և գինու գործարանից գողություն էին արել և գողոնը տեղավորում էին «Նիսան» մակնիշի իրենց մեքենայում: Նրանք մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Պարզվել է, որ երկուսն էլ Երևանի բնակիչ են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 10 լիտր տարողությամբ պլաստմասսե տարաներ՝ լցված մոտ 270 լիտր կոնյակով, և դյուրալյումինե 12 դետալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: