ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է` ռուսական ռուբլին լավ է դիմադրում պատժամիջոցներին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը . Արխիվային լուսանկար
Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ռուսական ռուբլին լավ է դիմադրում պատժամիջոցներին։ Բորելը նման հայտարարություն է արել իսպանական CORE ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ռուբլին լավ է դիմադրում: Պուտինն այժմ պնդում է, որ գազի դիմաց վճարվի ռուբլով, որպեսզի արժույթն առաջ մղի: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Բորելը:

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը մտադիր է ապրիլի 5–ին համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։
«Այսօր մենք պատրաստվում ենք հաստատել պատժամիջոցների նոր փաթեթը, սակայն առայժմ քննարկում ենք, թե ինչ պետք է անենք անել էներգետիկայի հարցով»,- ասել է Բորելը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները:
Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։