ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հունգարիայից անցած գիշեր հայրենիք է վերադարձել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը։
Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հաղթանակից հետո անբացատրելի զգացողություններ ունի, որովհետև զգում է, թե ինչպես է ժողովուրդն ուրախանում իր հաղթանակով։
«Ամեն մրցաշարի գնում եմ ոսկե մեդալի հետևից։ Նոր քաշային կարգում էի։ Ինձ թվում էր, թե շատ բարդ կստացվի, բայց առաջին փորձից հաջողվեց Եվրոպայի չեմպիոն դառնալ արդեն օլիմպիական քաշային կարգում։ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի 77 կգ քաշային կարգում նաև աշխարհի և Օլիմպիական խաղեր հաղթող դառնամ»,- նշել է Ամոյանը։
Ըմբիշ Մալխաս Ամոյանը տոնում է թուրք ըմբիշ Յունուս Բասարիի նկատմամբ հաղթանակը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում (2 ապրիլի, 2022թ)․ Բուդապեշտ
23-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնության եզրափակիչում ապրիլի 2-ին հաղթեց թուրք մրցակցին և չեմպիոն հռչակվեց իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում:
Բուդապեշտում ապրիլի 1-3-ն անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 7 մասնակցով նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե: Բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Սլավիկ Գալստյանը (67կգ):