ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։ Համապատասխան որոշումը երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում ճեպազրույցի ընթացքում հրապարակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Զալկալիանիին մեր երկրի և կառույցի զարգացման գործում ներդրած ավանդի համար«, - ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով` Վրաստանի ԱԳ նախարարը ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի բոլոր կարևոր հարցերում։
Վարչապետը նշել է, որ իրենց համար կարևոր էր ԱՄՆ-ում դեսպան նշանակել կադրային դիվանագետի, և այդ պատճառով ընտրությունը կանգ է առել նման մեծ փորձ ունեցող մարդու վրա: Քանի որ Թբիլիսին մտադիր է հետագայում ավելի զարգացնել և խորացնել իր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։
Զալկալիանիի տեղը կզբաղեցնի Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
Հիշեցնենք, որ Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտգործնախարար էր նշանակվել է 2018 թվականի հունիսին: 2007 թվականին նրան շնորհվել էր արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարն է 2021 թվականի մարտից: Նա 40 տարեկան է։ Մինչև վերջերս Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան էր, իսկ մինչ այդ՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։