Հայաստանի համար միշտ էլ անհանգստանալու առիթ կա, դեռևս հուլիսյան մարտերից այդ անհանգստանալու առիթը եղել է մինչ այսօր՝ հաշվի առնելով, որ երկրի ներքաղաքական դաշտն էլ դրան նպաստում է։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով Նախիջևանում անցկացվող զորավարժություններն ու Ադրբեջանի սադրանքները, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Ներսիսյանի խոսքով` զորավարժությունը նախ ուղղված է զորքերի անձնակազմի, մարտական հաշվարկների մարտական պատրաստության բարձրացմանը։ Երկրորդ հերթին դա ուժի ցուցադրություն է, որն Ադրբեջանն անում է բացահայտ։ Ի վերջո, դա կարող է նաև նախապատրաստական ինչ-որ աշխատանք է կամ քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու հնարավորություն, որն իրենք իրենց համար ստեղծում են։
Այս իրավիճակում, ըստ փորձագետի, Ադրբեջանը բավականին հզոր դաշնակից ունի, գազ ու նավթ ունի ու անգամ ավտորիտար ռեժիմի մեջ ունի որոշակի ինքնիշխանություն։ Իսկ մեր խորհրդարանական ու քաղաքական բոլոր ուժերի համատեղ գործողությունները` թեև իրարից անկախ, յուրաքանչյուրն իր օրակարգով, սակայն նպաստում են ՀՀ թուլացմանը։
«Հասարակությունը մի քանի շերտի է բաժանված, իրական պատերազմը, եթե սկսի, բավականին ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Չգիտեմ` պատերազմի ելքն ինչ կլինի, բայց սարսափելի մի բան կլինի, որը կարող է հետագայում նույնիսկ պետականության կորստի բերել»,-ասաց Ներսիսյանը։
Նրա բնորոշմամբ՝ մենք ինքներս մեր խնդիրները կարող ենք լուծել, եթե համերաշխության օրակարգ բերենք առաջ, որին փորձագետը կասկածով է մոտենում՝ հաշվի առնելով քաղաքական երանգները։
«Չեմ ասում ընդդիմությունն ընդհանրապես չքննադատի, քննադատելը պետք է լինի քաղաքական և կառուցողական։ Նույնը պետք է իշխանությունը փորձի անել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակում ապրիլի 1-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Զորավարժությունից հրապարակված կադրերում երևում է, որ դրանց ներգրավված են նաև թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը։