Սպանության փորձ Երևանի կենտրոնում. 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Երիտասարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի Ամիրյան փողոցում երկու տղամարդկանց վրա կրակելու համար 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին` ժամը 14:50-ի սահմանում, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակում։ Նշված տարածքից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 35-ամյա Գագիկ Գ.-ն, որը ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք, և 43-ամյա Ռոմեո Հ.-ն, որը ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վնասվածք է ստացել:
«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ:»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը:
Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: