ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, կշարունակի ազատության մեջ մնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
«Դատարանը չի երկարաձգել կալանքի ժամկետը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,–ասացին ՔԿ լրատվական բաժնից։
Հավելենք, որ 2022թ. հունվարին Կարեն Պողոսյանն ազատ էր արձակվել կալանքից։
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա սեպտեմբերին ինքնակամ ներկայացել էր քննչական մարմին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։
Իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կրակոցներ էին արձակել Գորիսի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ չունի այս գործով։