Շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ռուբլով գազի վաճառքից մինչև միասնական արժույթ

Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մենկանաբանել է գազի դիմաց ռուսական արժույթով վճարելու հարցն ու խնդրի հնարավոր զարգացումները` մինչև ԵԱՏՄ+ BRICS միասնական շուկայի ձևավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուսական գազի դիմաց Հայաստանի սպառողների վճարման գործող համակարգում դոլարը երրորդ օղակն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով գազի դիմաց ռուսական արժույթով վճարելու միջպետական քննարկումները։
Մարգարյանի խոսքով`«Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» ռուսական պետական ընկերություններ են, որոնք աշխատում են ռուբլու գոտում, իսկ ՀՀ տարածքում գազ օգտագործողներն իրենց վճարումները կատարում են հայկական դրամով, որից հետո այն վերածվում է դոլարի ու փոխանցվում ՌԴ։
«Եթե երրորդ օղակը` դոլարը, դուրս է գալիս, և վճարումներն իրականացվում են ռուբլով, դա, ըստ էության, նշանակում է, որ տրանսակցիոն ծախսերը նվազում են։ Այսինքն` միջնորդավորված վճարումները, որ իրականացվում են դրամից դոլար և դոլարից ռուբլու փոխարկումներով, պարզեցվում են»,– ասաց Մարգարյանը։
Այդուհանդերձ, այս փոփոխությունը, նրա համոզմամբ, նաև որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ արտարժույթի դիրքերն անորոշ են, իսկ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները գլոբալ տատանումներ են առաջացնում համաշխարհային ֆինանսական շուկաներում, հատկապես՝ էներգետիկ համակարգերում։
Այս պարագայում, տնտեսագետի դիտարկմամբ, խնդրի հիմնական հասցեատերերը երկու երկրների կենտրոնական բանկերն են` ռուսական ռուբլով ու հայկական դրամով պահուստներ ձևավորելու ու համապատասխան վճարումների աղբյուրներ ստեղծելու տեսակետից։
«Ընդհանրապես կարևոր է փոխարժեքների կայունությունը երկուստեք, թե ինչպիսին կլինի հայկական դրամի փոխարժեքը, ինչպիսի վարքագիծ կդրսևորի ռուսական ռուբլին։ Իսկ այստեղ անորոշությունները, իհարկե, մեծ են` կապված պատժամիջոցների տարածական ու խորքային ընդլայնման ու դրա ազդեցությունների զարգացումների հետ»,– ասաց մեր զրուցակիցը։
Ատոմ Մարգարյանը հիշեցնում է, որ ռուսական ոչ միայն գազի, այլև հացահատիկի և այլ սպեցիֆիկ ապրանքների դիմաց ռուսական արժույթով վճարելու շուրջ քննարկումները վերջին տասնամյակում մշտապես եղել են։ Իսկ ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու ժամկետը սահմանված է 2025թ–ը։ Մինչ այդ դեռ նախատեսված էր ամբողջացնել միասնական ապրանքային ու աշխատուժի շուկաները, ձևավորել միասնական վճարահաշվարկային համակարգեր։ Բայց, ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ։
Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել
«Երբ արդեն երրորդ երկրների արժույթի մուտքի սահմանափակումները, վճարահաշվարկային համակարգերի գլոբալ դոլարակենտրոն աշխարհակարգի խնդիրները, խափանումները կամ խաթարումները հարկադրում են արդեն անցնել ռեգիոնալ ֆորմատների, որոնցից մեկն էլ կարող է լինել ԵԱՏՄ միասնական արժույթի կամ BRICS–ի (Brazil, Russia, India, China, South Africa (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) բառերի հապավում - խմբ.) անդամ երկրների համադրված արժույթների շրջանառությունները»,– ասաց Մարգարյանը` պարզաբանելով, որ այս միավորումները ապրանքների, IT տեխնոլոգիաների, ծառայությունների, էներգակիների ու ֆինանսների հսկայական շուկաներ ու հոսքեր են, որոնք հիմք են միասնական այլըտրանքային վճարամիջոցների շուկա ու նաև` միասնական առևտրային ու բորսայական հարթակներ ստեղծելու։
Հիշեցնենք` մարտի 23 –ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։
Մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել էր նաև երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերը ռուսական ռուբլով փոխանցելու հարցը։
ԵԱՏՄ երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է 2/3-ը
Քննարկման արդյունքում Ղազախստանի առաջարկով որոշվել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը կշարունակեն ներմուծման մաքսատուրքերի հաշվառումն ու տեղաբաշխումն իրականացրել դոլարով, իսկ դոլարային սահամանափակումների տակ գտնվող Բելառուսն ու Ռուսաստանը` ռուսական ռուբլով։
Բանն այն է, որ, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց մաքսատուրքերը գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության` ԱՄՆ դոլարով։
Հիշեցնենք` Հայաստանն այժմ ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց ՀՀ սահմանին վճարում է 165 դոլար։ 2022թ–ի համար միջպետական պայմանագրով սահմանված գնի վերանայման հայտ ռուսական կողմը չի ներկայացրել։