Սերբիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթել է գործող նախագահը

Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է` Սերբիան պետք է որոշի, թե որ ճանապարհով է գնալու, և նրանք, ովքեր հեշտ ուղիներ են փնտրում, տեղ չեն ունենա իշխանության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին հրապարակած նախնական տվյալներով` նրան քվե է տվել ընտրողների 59,55%-ը։
Կոսովոյում և Մետոխիայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա և Հերցեգովինա) Վուչիչը հավաքել է ձայների ավելի քան 90%-ը։
Սերբիայում միաժամանակ անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ, որոնցում Վուչիչի «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան հավաքել է ձայների մոտ 44%-ը։
Միացյալ ընդդիմության կոալիցիայի թեկնածու Զդրավկո Պոնոշը հավաքել է 17,53%, ՆԱԴԱ կոալիցիայի թեկնածու Միլոշ Յովանովիչը՝ 5,82%, «Դռներ» կուսակցության առաջնորդ Բոսկո Օբրադովիչը՝ 4,42% (Օբրադովիչը ժամանակին Սերբիայի խորհրդարանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին):
Իր շտաբում կայացած ասուլիսում Վուչիչն ասել է, որ ընտրությունների արդյունքների վրա մեծապես ազդել է ուկրաինական ճգնաժամը։ «Սերբիան պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է գնալու ապագայում, և նրանք, ովքեր հեշտ ուղիներ են փնտրում, տեղ չեն ունենալու իշխանության մեջ»,– հայտարարել է գործող նախագահը։
Վուչիչն արդեն հայտարարել է, որ Սերբիան կմնա ռազմական չեզոք երկիր և կփորձի բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։