ՌԴ–ում հայաստանցիների վարորդական վկայականները կճանաչվեն. օրինագիծ է ներկայացվել

Վարորդական իրավունք
Փոփոխությունները նախատեսում են վարորդական իրավունքը ճանաչել աշխատանքային գործունեություն իրականացնելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է ճանաչել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները` ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային բազայում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում»,- նշվում է բացատրական գրության մեջ:
Ներկայում նման ձևաչափը գործում է միայն Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությամբ ամրագրվում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պլանավորվում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին «Դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» դաշնային օրենքի նախագիծը:
Նշենք, որ այս հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցների կառավարման արգելքը` օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա, երբ իրականացվում է ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ: