ՔԿՀ–ներին մատակարարվել է պայմանագրով նախատեսվածից ցածր որակի սնունդ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան. Արխիվային լուսանկար
ՔԿՀ–ներում շարունակում են գերբնակեցված մնալ խցերը, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատված են, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ենթարկված անձանց չի մատակարարվում այն սնունդը, որի դիմաց պետությունը վճարում է սնունդ մատակարարող մասնավոր ընկերությանը։
Մատակարարող ընկերությունը պայմանագրով պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով էլ սահմանվել էր, որ հաստատված է ճաշացուցակ, որի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է լիներ նվազագույնը 2800 կիլոկալորիա:
2021թ.–ին դատախազության կատարած ուսումնասությունները ցույց են տվել, որ ՔԿՀ-ներին մատակարարվող սննդի էներգետիկ արժեքը շատ դեպքերում ավելի քան 50%-ով ավելի ցածր է պայմանագրով նախատեսվածից։ Հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ:
Դատախազությունից հայտնում են, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, իսկ խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:
Զրո հանդուրժողականություն է լինելու. «Արմավիր» ՔԿՀ-ում ավելի քան 400 տեսախցիկ են տեղադրել
Դատախազության ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ՀՀ ՔԿՀ–ներում շարունակում են գերբնակեցված մնալ խցերը, կարանտինային բաժանմունքի խցերը կենցաղային անհրաժեշտ պարագաներով ապահովված չեն, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատված են, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումներ կան, դատապարտյալներն առանց վարձատրության ներգրավվում են ուղղիչ հիմնարկի ու հարող տարածքի բարեկարգման աշխատանքներում և այլն:
Այս խախտումները վերացնելու և հետագայում բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին:
Նշենք, որ ըստ ֆինանսների նախարարության ARMEPS էլեկտրոնային համակարգում հրապարակված գնման պայմանագրի, ՀՀ 12 ՔԿՀ–ներին 2021թ–ին իր պատրաստած սնունդը պետք է մատակարարեր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ–ն։