Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել, երբ բանակցություններն արդյունք ունենան. Լավրով

Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինան բանակցությունների ժամանակ կառաջնորդվի սեփական, ազգային հետաքրքրություններից ելնելով և չի լսի «հեռակա խորհրդատուներին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ ՎլադիմիրԶելենսկու հանդիպումը կարող է կայանալ, երբ արդյունք լինի Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահ Պուտինը նույնպես մեկ անգամ չէ, որ ասել է, թե երբ կարող է տեղի ունենալ իր և Ուկրաինայի նախագահի գագաթնաժողովը։ Երբ արդյունք լինի, այն ամրապնդելու համար կարող է լինել այդ հանդիպում»,– մամուլի ասուլիսին ասել է Լավրովը։
Նրա խոսքով` Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինան բանակցությունների ժամանակ կառաջնորդվի սեփական ազգային հետաքրքրություններից ելնելով և չի լսի «հեռակա խորհրդատուներին»։
Մեկնաբանելով Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարները` նախարարը հայտարարել է` շանսեր միշտ կան։
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նշանակել է ապրիլի 5-ին
«Ես այդ մասին մեկ անգամ չէ որ ասել եմ, և մենք նպատակ ունենք այնպես անել, որպեսզի բոլոր այդ շանսերն իրականություն դառնան։ Մեր գործողության նպատակները հայտարարվել են նախագահի կողմից, և մենք աշխատում ենք, որպեսզի այդ նպատակներն ամրագրվեն պայմանագրում, որն այժմ քննարկվում է, պատրաստվում է։ Հուսով եմ, որ այն կստեղծվի և վերջնականապես կձևակերպվի իր բոլոր դրույթներում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ստամբուլում բանակցություններից հետո Ռուսաստանն ավելի շատ ռեալիզմ է տեսել Ուկրաինայի դիրքորոշման մեջ Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի, ինչպես նաև միջուկային կարգավիճակի վերաբերյալ։
«Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներով մենք տեսանք ուկրաինական պատվիրակության դիրքորոշման մեջ ռեալիզմի տարրեր։ Ռեալիզմը վերաբերում է Ուկրաինայի անվտանգության ապահովման ուղիներին։ Կիևի ներկայացուցիչների համար արդեն պարզ է, որ անվտանգության երաշխիքներ հնարավոր չէ ստանալ ՆԱՏՕ–ում և ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը պետք է մոռանալ»,– ասել է Լավրովը։
Նա շեշտել է, որ դեռ պետք է հասկանալ, թե ռեալիզմի այդ նոտաներն ինչպես են թարգմանվելու պայմանագրի լեզվով։
Անհիմն և անհեթեթ մեղադրանք է. Վրաստանը պատասխանել է Ուկրաինայի փոխվարչապետին