Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է Արցախի վիճակը

ՀՀ ԱԳՆ–ն կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները:
«Արարատ Միրզոյանը կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։
Հյուրերի խնդրանքով՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։