ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան ապրիլի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի Ուկրաինայի իրադրության շուրջ: Տեղեկությունը հայտնել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։
«Մենք կքննարկենք ռազմական հանցագործությունների ապացույցների աճող քանակը, այդ թվում՝ Բուչայից։ Կօգտագործենք Անվտանգության խորհրդում մեր նախագահությունը, որ ապահովենք թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու արդարությունը», — ասել է նա։
Երեկ համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է հրավիրել այդ կապակցությամբ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվան պահանջում է ապրիլի 4-ին նիստ գումարել «ուկրաինացի ծայրահեղականների աղաղակող սադրանքի» պատճառով: Սակայն Ռուսաստանի հարցումը չէր բավարարվել։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Լոնդոնը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընթացակարգի կանոնները՝ հրաժարվելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պնդելու է, որ Ուկրաինայի զինված ուժերի՝ ազգայնական գումարտակների կողմից առաջնորդվող հանցագործություններն անհետևանք չմնան:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Կիևի մարզի Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունների մասին հաղորդագրությունները հետաքննելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունն ու մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին: Հրապարակվել է տեսանյութ, որում երևում են ռուսաստանցիների հեռանալուց հետո քաղաքի փողոցներում գտնվող մարդկանց մարմինները: Ռուսաստանում այդ կադրերը կեղծ են անվանել՝ ուշադրություն դարձնելով, որ տեսագրությունում մարմինները շարժվում են, ինչը թույլ է տալիս խոսել հոլովակի բեմադրված լինելու մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուս զինվորականների` սպանություններին մասնակցության մասին տեղեկությունը սադրանք է անվանել։ «Այս ամենն անհերքելիորեն հաստատում է, որ Բուչայի լուսանկարներն ու վիդեոկադրերը Կիևի ռեժիմի հերթական բեմադրությունն են արևմտյան ԶԼՄ-ների համար»։