«Lexus»-ի 43-ամյա վարորդը հայհոյել և հարվածել է ոստիկաններին. նա ձերբակալվել է

Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով 43-ամյա մեկ անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Մասնավորապես, նախնական տվյալներով, ոստիկանության աշխատակցն ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով նույն օրը ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար, կանգնեցրել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է մեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ: Իսկ երբ ոստիկանը տվյալ վարորդին մեքենան է նստեցրել, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է նրանց և հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին։
Երևանում հնչած կրակոցների գործով երկու հոգու են ձերբակալել
Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծանր վիրավորանքը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն: