Երևանի կենտրոնում ցուցադրեցին՝ ինչպես պայքարել ականների դեմ

Ականազերծող Ռուդիկ Սարգսյանը
Վերջին պատերազմներից հետո հատկապես չպայթած ականների, ռազմամթերքների խնդիրը դեռ լուծված չէ։ Երևանի կենտրոնում մի քանի տասնյակ մարդիկ այսօր միջոցառումներ էին անցկացնում՝ իրազեկելու հասարակությանը, թե ինչ պետք է անել, եթե ականանման առարկայի հանդիպեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Այսօր Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է, որի կապակցությամբ Երևանի կենտրոնում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մի քանի միջոցառումներ անցկացրեց։
Կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ սահմանամերձ տարածքներում վերջին պատերազմների ընթացքում տարածքներն աղտոտվել են, ու ոչ միայն շփման գծի մոտ, այլև բնակելի գյուղերում։
Վաղինակ Սարգսյան
«Մեր խնդիրն է մաքրել այդ տարածքները ականներից, չպայթած զինամթերքից, որպեսզի մարդիկ կարողանան հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Դրանով մենք Հայաստանն ավելի ապահով ենք դարձնում ու սոցիալական խնդիր ենք լուծում»,–ասաց նա։
Սարգսյանի խոսքով` սահմանամերձ շրջանների դպրոցներում ունեն ուսուցողական ծրագիր, որի նպատակն է մարդկանց իրազեկել պայթուցիկ զինամթերքի մասին։ Մասնավորապես՝ ի՞նչ անել, եթե հանդիպել են նման առարկայի, որ չվնասվեն։
Կենտրոնի տնօրենն այժմ մի նոր նպատակ էլ ունի. ուզում է իրազեկման աշխատանքներում ներգրավվեն այն մարդիկ, որոնք անձամբ տուժել են ականներից։
Մինչ զրուցում էինք, «Մոսկվա» կինոթատրոնի բակում մարդիկ ավելանում էին. դհոլահարների խումբը գրավել էր բոլորի ուշադրությունը։ Քիչ անց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2–րդ կուրսի մի քանի ուսանողներ, ռեժիսոր Սոնա Բրոյանի բեմադրությամբ, ներկայացրին մի քանի իրավիճակներ, թե ինչպես պետք է վարվել, երբ ականանման առարկայի են հանդիպում։
Դհոլահարների խումբը գրավել էր բոլորի ուշադրությունը
«Ձեռք մի տուր», «Մի արա», «Կանգնեք տեղերում», «Եկեք զանգենք 911, օգնություն կանչենք»,– ահա այսպես քննարկում էին երիտասարդները, երբ տղաներից մեկի սխալի պատճառով «ականը» պայթեց։ Բեմադրված մեկ այլ իրավիճակում էլ տղաները օգնություն կանչեցին, միաժամանակ հեռանալով անվտանգ տարածք։
Սոնա Բրոյան
Հյուսիսային պողոտայում էլ ՀԱՓԿ-ի մասնագետները ցուցադրեցին, թե ինչպես է իրականացվում ականազերծման գործընթացն ականորսիչներով։
Մինչ ականազերծող Ռուդիկ Սարգսյանը ցուցադրում էր, թե ինչպես հասկանալ՝ առարկան ական է, թե ոչ, մարդիկ հետաքրքրությամբ հարցեր էին տալիս։ Սարգսյանի խնդիրն էր հաստատել, որ դա ական է, դնել դրոշակն ու լքել տարածքը։ Նշենք, որ հայտնաբերված ականները և չպայթած ռազմամթերը ոչնչացվում են տեղում։
Կարինե Հախնազարյան
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Կարինե Հախնազարյան էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մինչ այս «Միասին ընդդեմ ականների» միջոցառում են իրականացրել, որին մասնակցել են Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի երեխաները։ Հենց այս մարզերն են ականային վտանգի ենթարկվածները։
1 / 10

Ականազերծման գործիքներ

2 / 10

Ական

3 / 10

Ականազերծման գործիքներ

4 / 10

Ականազերծող Ռուդիկ Սարգսյանը ցուցադրում էր, թե ինչպես հասկանալ՝ առարկան ական է, թե ոչ

5 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

6 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

7 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

8 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

9 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

10 / 10

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ

Նշենք, որ 2005 թվականից ի վեր ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր։