Հափշտակված շատ ավտոմեքենաներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում. Խաչատրյան

Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հափշակված շատ տրանսպորտային միջոցներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, հիշեցնենք, մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։
«Շատ տրանսպորտային միջոցներ կան, որ հայտնաբերվում են շահագործման ընթացքում, կար, որ հետ էր վերադարձվում, կար, որ ապահովագրական գրծակալությունները փոխհատուցած էին լինում սեփականատիրոջը, կար, որ գնորդը բարեխիղճ էր, ու ավտոմեքենան արդեն մնում էր գնորդին»,– ասաց Խաչատրյանը։
Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման մեջ։
«Տեղեկատվական օնլայն համակարգերի կիրառման դեպքում արդեն հեշտ կլինի շատ արագ հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել», –համոզմունք հայտնեց Խաչատրյանը` խորհրդարանական գործընկերներին առաջարկելով խողմ քվեարկել «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը վավերացնելու մասին ոստիկանության առաջարկին։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հայտնեց, որ համաձայնագիրը նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների միջև համատեղ տեղեկատվական բազայի ստեղծում, որտեղ ներառված կլինեն տեղեկություններ հաշվառումից հանված, սահմանը հատած ավտոմեքենաների մասին, ինչպես նաև այն ավտոմեքենաների, որոնք վնասվել են ՃՏՊ–ների, տարերային աղետների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով։
Ավտոմեքենան հետախուզման մեջ է, վարունգն էլ` որդնած. ո՞վ է խախտում հայ սպառողի իրավունքը
Պաշտոնյան հայտնեց, որ ՌԴ–ն ու Ղազախստանը վերապահումով են վավերացրել համաձայնագիրը` հայտարարելով, որ իրենց երկրի սահմանը հատած ավտոմեքենաների մասին տեղեկատվություն չեն տրամադրելու։
Բուն համաձայնագիրը ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ րացումների արձանագրությունը` 2019թ. սեպտեմբերի 6-ին:
Արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, ՌԴ–ում։ Իսկ Տաջիկստանում այն ժամանակավորապես է կիրառվում: