Գլխավոր մրցանակը․ ֆիզիկոսների ընտանիքը ցուցադրել է հայկական քարի հիմքով զրահաբաճկոնները

Տեխնոլոգիան մշակել են հայ ֆիզիկոսները՝ ակադեմիկոս Ստեփան Պետրոսյանի ղեկավարությամբ, իսկ գործի են գցել ինժեներները Պետրոսյանի որդու՝ Գրիգորի ղեկավարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Armor Arm հայկական ընկերությունն իր զրահաբաճկոնների հերթական խմբաքանակի համար ստացել է Бр-5 բարձրագույն ամրության հավաստագիր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Armor Arm ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Պետրոսյանը՝ Երևանում կայացած ArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ։
Armor Arm ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Պետրոսյան
Armor Arm-ը զրահաբաճկոնների համար թիթեղներ է արտադրում, որոնց երեսպատումն ու կոմպլեկտավորումը պատրաստում է մեկ այլ ընկերություն՝ Davisur-ը։ Davisur-ի գլխավոր ինժեներ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշների մի մասն արդեն իսկ օգտագործվում է Զինված ուժերում:
«Նաև մի քանի նոր մոդել կա, որոնք մենք այստեղ չենք ցուցադրել»,-ավելացրեց նա։
Նա հավելեց, որ նոր մոդելների մշակման ընթացքում հաշվի է առնվել 2020 թվականի ռազմական գործողությունների փորձը, այդ թվում՝ բեկորային հարվածների նկատմամբ կայունությունը։
Տարբեր զրահաբաճկոնների քաշը 4,5-ից մինչև 10 կգ է, կախված զորքերի տեսակից և մարտական առաջադրանքներից: Զրահաբաճկոնների սերտիֆիկացումն իրականացվել է ՀԱՊԿ ստանդարտներով։
Armor Arm-ի պաշտպանիչ թիթեղները պատրաստված են կերամիկայից, մի հանքանյութի հիմքով, որի հարուստ պաշարներն առկա են Հայաստանում։ Դրա հանքավայրերը հետազոտվել են դեռևս խորհրդային տարիներին՝ քաղաքացիական շինարարության նպատակով։ 90-ականներին Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի մասնագետներն Աշտարակում հայտնաբերեցին նաև այդ հանքանյութի մեկ այլ հատկություն. որոշակի ջերմային մշակման դեպքում այն շատ կարծր է դառնում։
«Ճիշտն ասած` մենք կարող էինք անգամ նշել այդ հանքանյութի անվանումը։ Այդտեղ առաձնապես գաղտնիք չկա, քանի որ «նոու-հաու»-ն ոչ թե հումքն է, այլ մշակման եղանակը, որը հայտնագործել է հայրս՝ ակադեմիկոս Ստեփան Պետրոսյանը։ Ամբողջ տեխնոլոգիական գործընթացը ևս մեզ մոտ ենք կազմակերպել»,-ասում է Գրիգորը։
Այս կերամիկական թիթեղներից պատրաստվում են ոչ միայն զրահաբաճկոններ, այլև սակրավորների կոշիկների տակացուներ։ Այս նոր մշակումը ևս ընկերությունը ներկայացրել է ցուցահանդեսին։ Կերամիկական զրահաթիթեղը «հանգցնում է» պայթյունի ալիքի հարվածը (նույն սկզբունքով, ինչ գնդակի կամ բեկորի հարվածի դեպքում)։
Armor Arm –ի սակրավորների կոշիկները
«Դա որոշակի չափով պաշտպանում է ոտնաթաթը։ Կարող են վնասվածքներ լինել, բայց գոնե կտրվածք չի լինի, որից հետո ոտնաթաթի ստորին հատվածն անհնար է վերականգնել»,-ասում է Պետրոսյանը։
Նոր զրահաբաճկոնները հասցրել են օգտագործել 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ։ Պատերազմի մասնակիցներից մեկը, ով ցուցահանդեսին եկել էր ընտանիքի հետ, բեմի մոտով անցնելիս ճանաչեց զրահաբաճկոնները, որոնցից կրել էին ինքն ու իր ծառայակիցները։
«Հարազատներին ասաց` նայեք, այս զրահաբաճկոններն են մեզ փրկել։ Այս խոսքերը մեծագույն մրցանակն էին, որ մենք ստացել ենք տարիների աշխատանքի ընթացքում»,-ասում է Գրիգորը։
ARM High Tech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը անցկացվել է Երևանում մարտի 31-ից ապրիլի 2-ը, այնտեղ ներկայացվել են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։
ArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը