Երևանի քաղաքապետարանը կրկին պայքար է սկսում փողոցային առևտրի դեմ

Փողոցային առևտուր. Արխիվային լուսանկար
Քաղաքապետարանի աշխատակիցները նշում են, որ իրավապահների աջակցության դեպքում մեկ ամսվա ընթացքում հարցը կլուծվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, իրավապահների հետ համատեղ, ուժեղացված ստուգումներ են սկսում քաղաքի փողոցներում, ապօրինի առևտրի դեմ պայքարելու համար։ Քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
«Ներկայումս մի քանի տեխնիկական խնդիրներ են լուծվել, այս շաբաթվանից սկսում ենք ուժեղացված ծառայությունը»,- ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով, փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարը արդյունք կտա, եթե ուժեղացված ռեժիմով ստուգումներ իրականացվեն պարբերաբար և ոստիկանների օգնությամբ։
Իր հերթին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ է արել համապատասխան կառույցներին ուժեղացված ռեժիմով աշխատել խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար։ Քաղաքապետն ընդգծել է, որ շատերը մայթերին ապօրինի բիզնես են անում՝ խոչընդոտելով քաղաքացիների տեղաշարժը։