Հիմա կորոնավիրուսի տարբեր շտամների ձևավորումներ ենք տեսնում՝ «Օմիկրոնի» ենթատեսակներ, «Օմիկրոնի» և «Դելտայի» ինչ-որ միաձուլված տեսակներ։ Որոշ չափով սպառնալիք կա, հայտնի չէ՝ դրանցից որն ինչպես կդրսևորվի։ Sputnik Արմենիայի եթերում համաճարակաբան Արման Բադալյանը խորհուրդ տվեց ցանկացած դեպքում խթանիչ դեղաչափը ստանալ։
«Խթանիչ դեղաչափը պետք է ներարկվել, որովհետև եթե ինչ-որ ժամանակ անց նոր սպառնալիք եղավ, այդ խթանիչը պետք է ստացած լինենք, որ էլի որոշակի պաշտպանություն լինի»,- նշեց Բադալյանը։
Համաճարակաբանը կարծում է` քանի որ «Օմիկրոնի» տեսանկյունից խթանիչ դեղաչափը միանշանակ ցուցված է, ենթադրելի է, որ վիրուսի գենետիկ փոփոխությունների դեպքում նույնպես պատվաստանյութը պետք է արդյունավետ լինի։
Թեև կորոնավիրուսի ամենօրյա թվերը նվազում են, սակայն, ըստ Բադալյանի, նախ՝ հայտնի չէ վարակակիրների իրական թիվը, երկրորդ՝ տարբեր երկրներում վարակումների բարձրացում, ամեն դեպքում, նկատվում է․
«Ճիշտ է, օրինակ, Չինաստանում իր հիմքերն ուներ նորից սկսվելու, Գերմանիայում և այլ տեղերում իրենց հիմքերը կարող են ունենալ, բայց ցանկացած դեպքում` սպասում ենք։ Սա անվերջ պրոցես է»,- բացատրեց Բադալյանը։
Համաճարակաբանի դիտարկմամբ՝ նոր ալիքի կանխատեսումը հիմա դժվար է, բայց կորոնավիրուսի դեմ ամենալավը բոլոր դեպքերում հիբրիդային իմունիտետ կոչվածն է, այսինքն՝ երբ անձը և՛ պատվաստված է, և՛ վարակված է եղել։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի վարակման թվերը նվազել են, եղել են օրեր, որ վարակից մահեր ընդհանրապես չեն գրանցվել։ Ապրիլի 4-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է ընդամենը 7-ով։
Սրան զուգահեռ` շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը։ Ընդհանուր առմամբ` կատարվել է 2 131 421 պատվաստում, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 114 714 է, իսկ ամբողջապես պատվաստվել է 976 425 քաղաքացի։ Խթանիչ դեղաչափ ստացել է 37 414 անձ։