ԲԴԽ-ում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանը վերաբերող հարցեր

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այդպես էլ չեն ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունեն ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները Խորհրդի շենքում հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
«Չնայած մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԲԴԽ մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ Խորհրդի կողմից լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել վերը նշված աշխատանքների ընթացքը:
Նշենք, որ դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի համակարգն ավելի քան կես տարի խափանված է, և համակարգչային ծրագրի փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, այսինքն` «ձեռքով են մակագրում» դատական գործերը։
Հարցն այն է, որ քրգործերից մեկի շրջանակում առգրավվել են մակագրման բանալիները։ Սակայն ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Դատական դեպարտամենտից էլ հայտնել էին, որ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։