Բարձրահարկ շենքերի բնակիչները կկարողանան ընդհանուր արևային վահանակներ տեղադրել տանիքներին

Բազմաբնակարան շենքի մի քանի հարևաններ կամ հարևանությամբ գտնվող մի քանի մասնավոր տներ կկարողանան համատեղության կարգով ինքնավար արևային կայան տեղադրել և նվազեցնել իրենց հոսանքի հաշիվները արտադրված հոսանքի ծավալի հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանում բազմաբնակարան շենքերի բնակիչները կկարողանան համատեղ արևային վահանակներ տեղադրել տանիքներին։ «Էներգետիկայի մասին» օրենքի դրույթների հիման վրա ընդունված համապատասխան կարգն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:
Ներկայում արևային վահանակի օգտագործող կարող է լինել միայն մեկ տանտերը (անկախ նրանից՝ խոսքը սեփական տան մասին է, թե բնակարանի), ուստի արևային վահանակներն առայժմ առավել նպատակահարմար են մասնավոր տների տանիքներին տեղադրելու համար: Այսուհետ բազմաբնակարան շենքի մի քանի հարևաններ կարող են միավորվել, համատեղ գնել կամ ապառիկ վերցնել (որպես համավարկառուներ) արևային վահանակը և ինքնավար արևային կայան գրանցել:
Արևային կայանների չափաբաժինը Հայաստանի էներգահամակարգում ավելանում է. ինչ ցուցանիշներ կան
Այդ դեպքում նրանք միասին էլ կօգտվեն դրա առավելություններից. էլեկտրական հոսանքի համար նրանց հաշիվներից կհանվի այն ծավալը, որն արտադրել է նրան էլեկտրակայանը։ Այլ կերպ ասած՝ եթե հինգ ընտանիքը միասին մեկ ամսում օգտագործել են 1 000 կիլովատտ/ժամ, իսկ արևային վահանակն արտադրել է 300-ը, ապա հինգ բնակարաններից յուրաքանչյուրի հաշվից կհանեն 60-ական կիլովատտ/ժամ։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը` մեկ արևային վահանակի համասեփականատեր կարող է լինել մինչև յոթ տնային տնտեսություն կամ իրավաբանական անձ: Տեսականորեն դրանք կարող են լինել ոչ միայն մեկ մուտքի, այլև հարևանությամբ գտնվող մասնավոր (սեփական) տների բնակիչներ, ինչպես նաև ջերմոցների, փոքր փռերի և փոքր բիզնեսի այլ սուբյեկտների սեփականատերեր։
Մեկ հողատարածքում կամ շենքի տանիքին տեղակայված արևային վահանակների գումարային հզորությունը կարող է կազմել մինչև 1 050 կիլովատտ (150x7, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն` էներգիայի ինքնավար արտադրող է համարվում այն սուբյեկտը, որը մինչև 1 050 կՎտ հզորությամբ գեներացնող հզորություններ ունի և օգտագործում է դրանք սեփական կարիքների համար):
Ինչպես և նախկինում, եթե տարվա արդյունքներով ինքնավար կայանում հոսանքի ստեղծումը գերազանցել է սպառումը, ապա ցանցը գնում է այն իջեցված սակագնով (սակագնի 50%-ը), որպեսզի սպառողի համար էլեկտրաէներգիա վաճառելու խթան չառաջանա, և նա արտոնյալ պայմաններում չհայտնվի առևտրային կայանների համեմատ, որոնց պարտավոր են վճարել լիցենզիայի համար և այլ ծախսեր կատարել։
Արևային էներգետիկա. ինչպե՞ս խուսափել վերելակի վարձից, և այլ հնարավորություններ
Նշենք, որ Հայաստանում արդեն մի քանի հարյուր ինքնավար արևային կայան է գործում ինչպես տնային տնտեսությունների (մինչև 150 ՄՎտ), այնպես էլ արտադրողների համար (500 ՄՎտ)։ Միասին նրանք 2021 թվականին արտադրել են 73,9 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա կամ երկրի ամբողջ գեներացիայի 1 տոկոսից մի փոքր ավելին, իսկ բոլոր արևային կայանները (առևտրայինները ներառյալ)՝ շուրջ 2,35 տոկոսը: