Բայդենը հայտարարել է, որ Բուչայի իրադարձությունները ցեղասպանություն չի համարում

Ուկրաինայի Բուչա արվարձանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ՌԴ ՊՆ-ն սադրանք էր անվանել, Բայդենը ռազմական հանցագործություն է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցեղասպանություն չի համարում Կիևի Բուչա արվարձանում տեղի ուենցած իրադարձությունները, որոնք ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ սադրանք էր անվանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, ես կարծում եմ՝ դա ռազմական հանցագործություն է»,-պատասխանել է Բայդենը այն հարցին, թե արդյոք այդ դեպքերը ցեղասպանություն է համարում։

Ուկրաինայի իշխանությունը նախօրեին կադրեր էր տարածել, որտեղ, նրա պնդմամբ, երևում են Բուչայում զոհված խաղաղ բնակիչները: Ուկրաինան ողբերգության մեղքը բարդել է ռուսական զորքերի վրա, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես ցեղասպանություն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում` այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։