ՌԱԴԻՈ

Արցախում պատերազմի վտանգը պահպանվում է, բայց ոչ ոք չի ուզում Անկարայի ու Բաքվի ուժեղացումը

Արևելագետ, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե սրված հարաբերությունների համատեքստում ինչ կտա հակամարտող կողմերին ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան–Ալիև հանդիպումը։
Sputnik
Ուկրաինայում ընթացող իրադարձությունները խթանում են Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառման և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի շահագրգռվածությունը, և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Ըստ նրա` ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ու հայտարարությունները` առաջնագծում լարվածության աճի համատեքստում, վկայում են այն մասին, որ Ադրբեջանն ակտիվորեն պարարտ հող է ստեղծում ու հետևում, թե արտաքին աշխարհից ինչպիսի արձագանքներ կարող են լինել։ Սակայն բանն այն է, որ թեև Արցախում պատերազմի վտանգը պահպանվում է, բայց ոչ ոք չի ուզում Անկարայի ու Բաքվի ուժեղացումը։
Ողջունելի է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Լուիջի դի Մայոն հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Մելքոնյանի դիտարկմամբ` Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի պատրաստակամությունն այս կամ այն ​​կերպ պահպանելու ներկայիս կոնֆիգուրացիան, առավել քան ակնհայտ է։ Այդ մասին են վկայում օրերս այս երեք մայրաքաղաքներում Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հայտարարությունները։ Այսպես, ՌԴ ՊՆ-ն բացահայտ հայտարարեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ արեց Բաքվին դուրս բերել զորքերը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն հայտնեց ադրբեջանական զորքերի առաջխաղացման կապակցությամբ։ Բացի այդ, ամերիկացիները կոչ են արել Ադրբեջանին վերսկսել գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
«Ադրբեջանը շարունակում է կարմիր գծերը զննելու և դրանք հեռու մղելու քաղաքականությունը։ Արցախահայության և խաղաղապահների դեմ կատարած ամեն քայլով Բաքվում փորձում են հասկանալ, թե որտեղ են Ռուսաստանի համար կարմիր գծերը: Կարծում եմ, որ առանց Թուրքիայի համապատասխան քաղաքական կամքի` նման արկածախնդրություն դժվար թե Բաքուն ձեռնարկեր»,- ասաց քաղաքագետը։
Նրա համոզմամբ` Անկարայում չեն հրաժարվել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղից, իսկ ապագայում՝ ամբողջությամբ Հարավային Կովկասից դուրս մղելու ծրագրերից։
«Անկարան և Բաքուն շատ գայթակղված են, որպեսզի օգտվեն պահից և գնան ռազմական սցենարի ԼՂ-ում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը լավ գիտակցում է, որ մոտ ապագայում կարող է երկրորդ հնարավորություն չլինել, և եթե հանկարծ իրավիճակը փոխվի, ստիպված կլինեն Արցախը գրավելու ծրագրերը երկար ժամանակով հետաձգել, ինչպես 90-ականների սկզբին էր։ Ադրբեջանը ստիպված եղավ սպասել 26 տարի, մինչև Հայաստանի ու նրա դաշնակցի հարաբերությունները վատթարացան, Երևանում տեղի ունեցող քաոսը և պետական ​​կառավարման համակարգում լիակատար ձախողումները Բաքվին ռևանշի հնարավորություն ընձեռեցին»,- ասաց քաղաքագետը։
Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին անում է հնարավորը․ Արտակ Բեգլարյան
Մելքոնյանը, միևնույն ժամանակ, շեշտեց, որ անհնար է չնկատել Հայաստանի իշխանությունների բավականին իներտ, թերի պահվածքը, հավելելով, որ Արցախի ճակատագրի հետագա որոշման ճանապարհին կարող են շրջանցել հայկական պետության կարծիքն ու դիրքորոշումը։ Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդրից, և այդ մասին է վկայում նաև նրանց մշտական ​ բողոքը ռուս խաղաղապահների գործողությունների առթիվ, ինչպես նաև հետաքննություն սկսելու համառ պահանջները։
«Հայաստանի ղեկավարությունը բացարձակապես ոչ մի ազդանշան չի տալիս, որ պատրաստ է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, և եթե վաղը կամ մյուս օրը Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածություններ լինեն, Երևանը բացարձակապես կապ չի ունենա դրա հետ։ Սա բխում է իշխանությունների օրակարգից, ասում են՝ Ղարաբաղն այլևս Հայաստանի խնդիրը չէ, Երևանն այլևս գործոն չէ այս իրավիճակում»,- մանրամասնեց քաղաքագետը։
Նրա եզրահանգմամբ`ստեղծված պայմաններում Ռուսաստանը կբանակցի Ադրբեջանի հետ և պայմանավորվածություններ ձեռք կբերի զուտ իր ազգային շահերից ելնելով։