Արցախում առաջիկայում կարող են գազամատակարարման ընդհատումներ լինել

«Արցախգազը» բնակիչներին հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները` խուսափելու համար արտակարգ պատահարներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշ բնակավայրերում կարող է գազ չլինել` բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով։
«Հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորն արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Գազամատակարարումը վերականգնվել է մարտի 28-ին։