ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «5165 շարժման» ներկայացուցիչներն այսօր ԱԺ–ի պատգամավորներին պահանջագիր ներկայացրին` պահանջելով օրենսդիրից ճանաչել Արցախի անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը` ներկայացնելով նամակի բովանդակությունը։
«5165» շարժման ակցիան Ազգային ժողովի մոտ (4 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
«Սա Արցախի փրկության պահանջն է։ Բոլորդ գիտեք, թե ինչ իրավիճակ է` թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը` հայկական բնակավայրերը, ռազմավարական նշանակության բարձունքները, որտեղից, կարելի է ասել, վերահսկում է ամբողջ Արցախը։ Ներկայիս իշխանությունը պետք է դուրս շպրտեր թշնամուն, իսկ երկրորդ հերթին` պետք է Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ, սակայն նրանք չեն անում ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,– ասաց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը ԼՂ հակամարտության գործընթացի երաշխավորներից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, գործուն և արդյունավետ մեխանիզմներով պետք է պահանջի Ադրբեջանից բերել կարգավորման դաշտ։
«5165» շարժման ակցիան Ազգային ժողովի մոտ (4 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Սողոմոնյանը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները` գազամատակարարման անջատումը, բնակավայրերի վրա հարձակումը, ժողովրդին ահաբեկումը, համեմատեց ցեղասպանության հետ։ Շարժման ներկայացուցիչը շեշտեց` նման գործողություններով փորձում են հարկադրել այնտեղի ժողովրդին լքել իրենց բնակավայրերը ու հայաթափել Արցախը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, դիմելով բոլոր քաղաքական ուժերին, ասաց, որ Արցախի ճանաչումը պետք է դառնա բոլորի օրակարգի հարցը։
«Դիմում եմ մեր պատգամավորներին և իշխանությանը, եթե փորձեք մոլորեցնել ժողովրդին, թե ճանաչվելով Արցախի անկախությունը` պատերազմ կսկսվի, ապա մենք ձեզ կմեղադրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ունենալու մեջ, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ 30 տարի հայ զավակների արյունն է հոսել հանուն Արցախի, և այսօր դա դավաճանություն է սեփական զավակների նկատմամբ»,– ասաց Տոնոյանը։
«5165» շարժման ակցիան Ազգային ժողովի մոտ (4 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի հարցը մեծ հնչեղություն ստանա, ու ժողովուրդն էլ միանա տվյալ պահանջին։
Շարժման ներկայացուցիչները ձեռքերին պահել էին Արցախի դրոշը, ինչպես նաև «Այսօր` Արցախը, վաղը` Զանգեզուրը, մյուսը` Երևանը», «Ճանաչենք Արցախը» գրառմամբ պաստառներ։
Ապրիլի 6-ին, երբ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, դրան զուգահեռ «5165 շարժման» ներկայացուցիչները պատրաստվում են վաղ առավոտից` ժամը 10։00-ից բողոքի գործողություններ սկսել Հանրապետության հրապարակում, ինչպես նաև նստացույց անցկացնել, որպեսզի փորձեն կասեցնել հնարավոր որևէ փաստաթղթի ստորագրումը։