ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախի Ազգային ժողովն ապրիլի 5-ին արտահերթ նիստ կանի, տեղեկանում ենք ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ժամը 18-ին տեղի կունենա արտահերթ նիստ, որի ժամանակ նախատեսվում է հայտարարության ընդունել։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` նիստը հրապարակվելու է ուղիղ եթերով։
Իսկ հայտարարության տեքստը կապված է ստեղծված իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան–Ալիև հանդիպում։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։