ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ուկրաինական կողմի հայտարարությունները, թե Վրաստանն, իբր, օգնում է ՌԴ-ին զենքի մաքսանենգության հարցում, անհիմն ու անհեթեթ են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե Վրաստանը Ռուսաստանին է տրամադրում իր տարածքը ռազմական տեխնիկայի և պահեստամասերի մաքսանենգության համար:
«Սա ամբողջովին անհիմն և անհեթեթ մեղադրանք է։ Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ վերահսկողություն է իրականացնում երկրի բոլոր մաքսակետերում և իրականացնում է մուտքային ու ելքային բեռների մոնիթորինգ: Վրաստանի ֆինանսների նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության ցանկացած ապրանքատեսակ, ինչպես նաև բոլոր այն ապրանքները, որոնք ներառված են պատժամիջոցների ցուցակում, Վրաստանի կառավարության կողմից ենթակա են խիստ մաքսային հսկողության»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ այդ մասին տեղեկացված են Վրաստանի բոլոր միջազգային գործընկերները։