ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ուկրաինական կողմի տարածած տեսանյութերին չի կարելի վստահել, ՌԴ ՊՆ մասնագետները տեսանյութերի կեղծման և ֆեյքերի նշաններ են հայտնաբերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ տեղեկատվությունը պետք է լուրջ կասկածի տակ դրվի։ Այն ամենից, ինչ տեսել ենք, տեսանյութերին մեծամասամբ չի կարելի վստահել, քանի որ այնտեղ կեղծիքների և տարատեսակ ֆեյքերի նշաններ կան»,– ասել է նա։
Այն հարցին` թե ինչ է մտածում Կրեմլը այն տեսարանների մասին, որոնք նկարահանել են Բուչայում միջազգային թղթակիցները, այդ թվում` BBC–ն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Չգիտեմ` կոնկրետ որ տեսանյութերի մասին եք խոսում»։
Պեսկովն ընգծել է, որ ռուսական կողմը կտրականապես հերքում է Բուչայում մարդկային զոհերին առնչություն ունենալու ցանկացած մեղադրանք։
«Մենք կտրականապես հերքում ենք ցանկացած մեղադրանք։ Ավելին` կարծում ենք, որ այդ թեման պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, այդ իսկ պատճառով մեր կողմից նախաձեռնություն է եղել քննարկելու թեման ԱԽ–ում։ Գիտենք, որ այդ նախաձեռնությունն արգելափակվել է», – ասել է նա։
Բացի այդ, Կրեմլը պահանջում է միջազգային առաջնորդներից չշտապել անհիմն մեղադրելու ՌԴ–ին։
«Անկասկած լուրջ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք հավանաբար կպահանջեինք, որ հատկապես մի շարք միջազգային առաջնորդներ չշտապեին հայտարարություններ անել, չշտապեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել, այլ որ նրանք տարբեր աղբյուրներից տեղեկություն հայցեին և առնվազն լսեին մեր փաստարկները», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման հեռանկարները Բուչայում խաղաղ բնակիչների սպանելու վերաբերյալ հաղորդումների ֆոնին։
«Մենք դա դեռ որևէ կերպ չենք մեկնաբանում։ Դեռ չեմ տիրապետում բանակցությունները շարունակելու ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկության, ես այդ մասին տեղյակ չեմ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է ռուս զինվորականներին։ ԵՄ - ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: