81-ամյա տղամարդը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ

Խարդախություն կատարած 81-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 81-ամյա մի տղամարդ, 15 տարի առաջ, խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարել։
Մասնավորապես, ՔԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007-ին տեղեկանալով Երևանում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին, որոշել է նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ գնել այն, որպեսզի հետագայում ավելի թանկ գնով վաճառեն։
Տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով:
Հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդը ձախողել է հնարավոր վաճառքը:
Նախորդ տարվա ապրիլի 21-ին 81-ամյա տղամարդն, առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն դրամ առուվաճառքի պայմանագրով հողամասը ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել իր ընկերոջ ու նրա ծանոթի համար վերը նշված չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները:
81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: