ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում ակցիաներ են անցկացրել, որոնց շրջանակներում քաղաքացիներին տեղեկացրել են ապրիլի 5-ին նախատեսված հավաքի մասին։
Այն կանցկացվի Ազատության հրապարակում «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով` ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
«Մենք իրականացնում ենք իրազեկման ակցիաներ, որոնք կշարունակնք վաղը և մյուս օրը, որպեսզի ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, ոչ միայն մեր համախոհները գան, այլ նաև նրանք, ովքեր այս ընթացքում հասկացել են, թե որքան ծանր է երկրի իրավիճակը»,- մասնավորապես ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ երկիրը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու շեմին։
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցություններ սկսելու հարցերը։