ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վրաստանը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի, և դա բխում է երկրի ազգային շահերից։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Առաջին օրից, այսօր և երեկ մշտապես և ամենուր գործելու եմ մեր երկրի շահերից ելնելով, և ոչ ոք չի ստիպի ինձ փոխել որոշումս», – ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով` ինքը վարելու է միայն այն քաղաքականությունը, որը պայմանավորված է Վրաստանի ազգային շահերով։
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը քաղաքական բոլոր հարթակներում աջակցել է Ուկրաինային, այդ երկիր մոտ 400 հազար տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։ Սակայն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին միանալ Թբիլիսին չի պատրաստվում։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը դեռ փետրվարի 25-ին էր հայտարարել, որ իր երկիրը չի միանալու ՌԴ–ի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
Նշենք, որ Ռուսաստանը երկար տարիներ առաջատար է դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալի առումով։ Փոխանցումների ընդհանուր ծավալում ՌԴ–ի մասնաբաժինը տատանվում է 13-14%–ի սահմաններում։ Բացի այդ, Ռուսաստանը առաջատար է նաև Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թվով։