Ողջունելի է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Լուիջի դի Մայոն հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Լուիջի դի Մայոն հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահականից։
Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը, նա ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով:
Նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը կարելի է դիտարկել որպես այդ քայլերից մեկը, քանի որ իտալական մի շարք ընկերություններ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել:
Ավելի վաղ դի Մայոն հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։