Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, նշել է ՀՀ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։
Ստեղծված ամուր իրավական դաշտը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի վրա, որի ստորագրման 25-ամյակը մենք կնշենք այս տարվա օգոստոսին, և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը»,-մասնավորապես գրված է ուղերձում։
Վահագն Խաչատուրյանը նշում է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, բոլոր մակարդակներում` ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում և ռուսական կողմի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»,-եզրափակել է ՀՀ նախագահը։
Հեշեցնենք, ավելի վաղ նույն առիթով միմյանց շնորհավորել էին ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը, ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները։