ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Փորձագետների և ՌԴ ու Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների մակարդակով պայմանագրի տեքստի վրա աշխատելու գործընթացը կվերսկսի երկուշաբթի` ապրիլի 4-ին։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Հաստատեմ, որ փորձագետների և պատվիրակության ղեկավարների մակարդակով պայմանագրի տեքստի վրա աշխատանքներ էին իրականացվում հեռավար ձևաչափով ապրիլի 1-ին և 2-ին և կվերսկսեն երկուշաբթի», – գրել է Մեդինսկին։
Նա նշել է նաև, որ Կիևն ավելի իրատեսական մոտեցում է սկսել ցուցաբերել չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի վերաբերյալ հարցին, սակայն պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ «վերևների հանդիպմանը» ներկայացնելու համար։
Մեդինսկին հայտնել է, որ Դոնբասի և Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։
Հիշեցնենք՝ մարտի 29-ին Ստամբուլում կայացան ռուս–ուկրաինական բանակցությունները։ Բանակցությունների արդյունքներով Ուկրաինան թղթի վրա փոխանցեց հնարավոր ապագա համաձայնագրի սկզբունքները, որոնք նախատեսում են հրաժարում ՆԱՏՕ– անդամակցությունից, Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի արձանագրում, հրաժարում միջուկային զենքից, ինչպես նաև զանգվածային խոցման այլ զինատեսակների տիրապետումից, ձեռքբերումից և մշակումից, օտարերկրյա ռազմաբազաներ և զինվորական անձնակազմեր տեղակայելուց։
Ռուսաստանը «հակամարտության դեէսկալացիայի գծով երկու քայլի» մասին է հայտարարել. Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ռազմական ակտիվության նվազեցում, ինչպես նաև պատրաստակամություն՝ կազմակերպելու երկու երկրների առաջնորդների հանդիպումը։