Տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականներ ՆԱՏՕ–ի նախապատրաստություն են անցել. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգի խոսքով` ուկրաինացի զինվորականներին մարզում էին ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և ՆԱՏՕ–ի այլ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ին հակազդող տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորականներ ՆԱՏՕ–ի նախապատրաստություն են անցել։ Այս մասին CNN–ի եթերում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է հիշել, որ ՆԱՏՕ–ի դաշնակիցները` ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և մի քանի այլ երկրներ, տարիներով մարզել են ուկրաինական զորքին։ Այնպես որ, ուկրաինացի տասնյակ հազարավոր զինվորականները, որոնց մարզել են ՆԱՏՕ–ի դաշնակիցները, այժմ առաջնագծում կռվում են ներխուժած ռուսական ուժերի հետ», – ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով` այսօր Ուկրաինայի ԶՈւ–ն էապես ավելի մեծ է, ավելի լավ հագեցած և պատրաստված, քան նախկինում։

Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ–ի դաշնակիցները ծրագրո՞ւմ են խորհրդային արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 39–րդ օրը։