ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Սլովակիա ռուսական գազի մատակարարումները դադարեցնել չի կարելի, և եթե Ռուսաստանը պայման է դնում վճարում կատարել ռուբլով, նշանակում է՝ պետք է վճարել ռուբլով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Սլովակիայի հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը։
«Գազի մատակարարումը չի կարելի դադարեցնել։ Այդ պատճառով էլ ասում եմ, թեպետ ոմանց համար սա կարող է չափազանց պրագմատիկ դիրքորոշում է։ Եթե ռուբլով վճարելու պայման կա, վճարում ենք ռուբլով», – ասել է նախարարը հեռուստաալիքի եթերում։
Սուլիկի խոսքով` ՌԴ–ից Սլովակիան ձեռք է բերում իրեն անհրաժեշտ գազի շուրջ 85%–ը։ Նա նշել է, որ կողմ է գազի մատակարարման դիվերսիֆիկացիային, բայց համարում է, որ դրա համար մի քանի տարի է հարկավոր։
Գազի հետ կապված այսօրվա իրավիճակը լուծելու համար, ըստ Սուլիկի, մոտ 6 շաբաթ է մնացել։
«Ես կողմ եմ հանդես գալիս նրան, որ այդ հարցում մենք գործենք համատեղ ԵՄ–ի շրջանակում և ընդհանուր լուծում գտնենք։ Բայց մեզ գազից կտրել չի կարելի», – ընդգծել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: