ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները շարքից հանել են Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության կառավարման կենտրոնը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Կիևի շրջանի Վասիլկովի ռազմական օդանավակայանին հարվածը շարքից դուրս է բերել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիայի և հակաօդային պաշտպանության նախազգուշացման և վերահսկման կենտրոնը», - ասել է Կոնաշենկովը։
Նա նաև նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն օդային բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է վառելիքի մեծ պահեստներ, որոնցից վառելիք է մատակարարվում ուկրաինական զորքերի խմբերին Նիկոլաևի և Դոնեցկի ուղղություններով։
Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Նիկոլաևի արվարձանում գտնվող Բալովնոյե օդանավակայանին հարվածի հետևանքով ոչնչացվել է ինքնաթիռի կայանատեղի և վառելիքի պահեստարան։
Գեներալն ընդգծել է, որ օրվա ընթացքում ռուսական մարտական ինքնաթիռները Ուկրաինայում ոչնչացրել են 42 ռազմական օբյեկտ։ Մասնավորապես, ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի երեք արձակման կայաններ, մեկ հրետանային մարտկոց, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, ուկրաինացի զինվորականների ռազմական տեխնիկայի կենտրոնացման ութ հենակետեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 39–րդ օրը։