«Իտալիան երբեք չի զլանա աջակցել Հայաստանին»․ արտգործնախարար Լուիջի դե Մայոն Երևանում է

Լուիջի դե Մայոն ու Արարատ Միրզոյանը
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն նշեց, որ Հայաստանի հետ պետք է ընդլայնել տնտեսական համագործակցության շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն հանդես են եկել համատեղ ասուլիսով։
Նշենք, որ Իտալիայի նախարարը ապրիլի 2-3-ը Հայաստանում է աշխատանքային այցով։ Իր այցի շրջանակում նա բացի ՀՀ ԱԳ նախարարից կհանդիպի նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Միրզոյանը նշել է, որ երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ—Իտալիա փոխհամագործակցությամբ, սակայն նշել են, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված հսկայական ներուժ։ ԱԳ նախարարը ողջունել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների աշխատանքը։
«Գործընկերոջը ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի ներխուժումը Փառուխ գյուղ, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Խոսել եմ հայ ռազմագերիների, հուշարձանների ճակատագիրը 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը խաղաղության համաձայանգիր կնքել Ադրբեջանի հետ», - ասել է Միրզոյանը։
Հայաստանի ու Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը
Դի Մայոն նշել է, որ շնորհակալ է սիրալիր և ջերմ ընդունելության համար։
«Իտալիան բարեկամ երկիր է, որը երբեք չի զլանա աջակցել Հայաստանին։ Իտալիան և Հայաստանը ունեն երկկողմանի տնտեսական բազմաթիվ ծրագրեր, հիմնականում ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում։ Սակայն անհրաժեշտություն կա տնտեսական նոր ծրագրերի և կապերի», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ գնահատելի է իտալերենի ուսուցումը հայկական որոշ դպրոցներում և համալսարաններում։ Նա նաև ընդգծել է, որ մշակութային բոլոր նյութական և ոչ նյութական արժեքների պահպանումը խիստ կարևոր է։
Նշենք, որ առավոտյան նախարարները այցելել են Ծիծեռնակաբերդ։