ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Երևանին ու Բաքվին՝ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին

Նա նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ:
«Հուսով ենք, որոնք առաջ կշարժվենք, հատկապես անհետաձգելի հումանիտար խնդիրների կարգավորման հարցում, որոնցից են կալանավորված անձանց ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկության փոխանակումը, ականազերծումը, պատմական և մշակութային կառույցների պաշտպանությունը»,- ընդգծել է նա:
Ռաուն ընդգծել է իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դերը և առաջարկել է ակտիվացնել նրա մասնակցությունը. «Նրա աշխատանքը կարող է հավելյալ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, վստահության ամրապնդմանը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը և ներդրում անելով այլ կենսական կարևորության հարցերի կարգավորման հարցում»:
«Լեհաստանը, որը նախագահում է կազմակերպությունում, վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսության առաջխաղացմանը, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության ապաէսկալացման համար: Կոչ ենք անում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծմանը»,- ընդգծել է նա:
Աջակցում ենք Երևանի և Բաքվի երկխոսության նախաձեռնությունները. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահը նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն ու ընդգծել, որ այդ գործընթացը կարող է նպաստել, ընդհանուր առմամբ, կայունության կարգավորմանը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակում Ռաուն ապրիլի 1-ին Հայաստանում էր, որտեղ հանդիպել է ՀՀ արտգործնախարարի, վարչապետի ու նախագահի հետ։