Ավելի քան 270 պայմանագիր․ Հայաստանը և Ռուսաստանը 30 տարի է՝ դիվանագիտական կապեր ունեն

Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում
Մոսկվան և Երևանը ավանդաբար սերտ երկխոսություն են վարում ամենաբարձր և բարձր մակարդակներում, այդ թվում՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ, ինչպես նաև միջգերատեսչական ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի 3-ին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել այդ առիթով։
Նշվում է, որ երկու երկրների միջև կնքվել են ավելի քան 270 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր։ Հիմնարար փաստաթղթերն են 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը և Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Կարևոր է նաև, որ 2017 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանը և Հայաստանը ստորագրել են փաստաթուղթ, որով ռուսները կարող են Հայաստան մեկնել ներքին քաղաքացիական անձնագրերով:
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
Նշվում է, որ Մոսկվան և Երևանը ավանդաբար սերտ երկխոսություն են վարում ամենաբարձր և բարձր մակարդակներում, այդ թվում՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ, ինչպես նաև միջգերատեսչական ձևաչափով։ Քաղաքական երկխոսությունը ներդաշնակորեն լրացվում է միջխորհրդարանական ինտենսիվ շփումներով։
Ընդգծվում է, որ Ռուսաստանը Հայաստանի առանցքային արտաքին տնտեսական գործընկերն է, և երկկողմ տնտեսական համագործակցության առաջնահերթ ոլորտը էներգետիկան է։
«Ռազմական ոլորտում ռուս-հայկական համագործակցությունն ուղղված է երկու պետությունների, ԱՊՀ հարավային թևի անվտանգության և Անդրկովկասում կայունության ապահովմանը։ Հայկական զինուժը մարտական հերթապահության է մասնակցում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը», - նշվում է հաղորդագրության մեջ։
44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտի է մտցվել ռուսական խաղաղապահ զորախումբը, որոշում է կայացվել ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքերն իր ազգային կարողություններով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։
Անդրադառնալով մշակութային թեմային՝ դեսպանատը նշել են, որ Հայաստանում գործում են Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, նրա մասնաճյուղը Գյումրիում, «Մոսկվայի տուն» մշակութային և բիզնես կենտրոնը, ռուս-հայկական համալսարանը, Ռուսական դրամատիկական թատրոնը։
Հայաստանը պահպանում է բարձր հետաքրքրությունը ռուսերենով բարձրագույն կրթության նկատմամբ։