Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Հանդիպումը կայացել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը նախորդ անգամ այցելել էր Լևոն Տեր-Պետրոսյանին 2021-ի սեպտեմբերի 21-ին։