Անցա դժվարին ճանապարհ․ չեմպիոն Մալխաս Ամոյանը առաջին անգամ խոսել է իր հաղթանակից

Մարզիկը շնորհակալություն է հայտնել հավաքականի և իր անձնական մարզիչներին, հորեղբայրներին, իր հետ մարզվող ընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը 77 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, առաջին անգամ խոսել է իր հաղթանակից։ Նա մեկնաբանել է այն՝ գրառում կատարելով իր ինստագրամյան էջում։
«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո՝ ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»,- գրել է Մալխաս Ամոյանը։
Մարզիկը շնորհակալություն է հայտնել հավաքականի և իր անձնական մարզիչներին, հորեղբայրներին, իր հետ մարզվող ընկերներին։
Հիշեցնենք՝ Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 23-ամյա Մալխաս Ամոյանը ապրիլի 2-ին եզրափակչում 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։