ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում 63 կգ քաշային կարգում մրցեց թուրք Ահմետ Ույարի հետ։ Դժվարին ու ծանրագույն գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց 5։6 հաշվով։
Այս առաջնությունում Պողոսյանն իր ելույթները սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթանակի էր հասել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում շատ ծանր ու դժվարին պայքար ստացվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ գոտեմարտում։ Մրցակիցը շատ խորամանկ ու սադրանքներով լի գոտեմարտ անցկացրեց, ինչի պատճառով մեր մարզիկը բավականին լարված ու ջղային էր գործում։ Մամադովի 3։1 հաշվով հաղթանակից հետո ըմբիշները նույնիսկ արդեն պատրաստ էին բախման։ Բայց ծեծկռտուք տեղի չունեցավ։ Միջամտեցին մարզիչներն ու սպասարկող անձնակազմը։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Հրաչյայի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Ահմետ Ույարն էր։ Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, և մրցակցին հաջողվեց շատ գեղեցիկ գցում կատարել ու վաստակել 5 միավոր։ Երկրորդ մրցափուլում նույն պարտերում արդեն հայտնվեց թուրք ըմբիշը, ու Հրաչյան համարյա կտրել էր մրցակցին գորգից։ Բայց չստացվեց, իսկ մեր մարզիչների բողոքարկումն էլ չբավարարվեց։ Պողոսյանը պարտվում էր 1։6 հաշվով։ Բայց հիանալի գցումով կրճատեց հաշիվը 5։6։ Բայց ավելին անել չհաջողվեց։
Այսօր հայ ըմբիշներից ելույթ կունենա նաև Մալխաս Ամոնյանը։ 72 կգ քաշային կարգում Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը, առաջին անգամ է նման կարգի մրցումներում հանդես գալիս ավելի բարձր՝ 77 կգ քաշային կարգում ու, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, որտեղ մրցելու է թուրք Յունուս Բասարի հետ։