ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը լայնածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում ռազմական գործողություններից տուժած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակիչների համար։
Ինչպես հայտնում են միությունից, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատարների շարասյուները մարտի 31-ից ի վեր Ռուսաստանի հայերի միության տրամադրած մարդասիրական բեռները հասցնում են տուժած քաղաքացիներին։
Միության տվյալներով` արդեն իսկ մատակարարված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը շուրջ 500 տոննա է։ Ապրիլի առաջին կեսին ավելի քան 30 000 ընտանիք երկարաժամկետ պահեստավորման ապրանքներ կստանան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միությունը վերջին ութ տարիների ընթացքում պարբերաբար օգնություն է ցուցաբերել Դոնեցկի և Լուգանսկի սոցիալական տարբեր խմբերին, այդ թվում` Ամանորին նվերներ ուղարկելով ու ամանորյա ներկայացումներ կազմակերպելով բոլոր մանկատների սաների համար:
Նշվում է, որ ուշադրությունից զերծ չէ նաև տեղի հայ համայնքը։