ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը առաջին մեդալը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մեր ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում 9։1 հաշվով հաղթեց ռումինացի Դենիս Միհային։
Մկրտչյանն իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց մեր հայրենակից, Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանի հետ գոտեմարտով։ Դժվարին պայքարում մեր ըմբիշը հաղթանակի հասավ 6։5 հաշվով։ Կիսաեզրափակիչում Մկրտչյանի մրցակիցը աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլին էր, որն էլ հաղթեց 7։3 հաշվով։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ռուդիկի մրցակիցը ռումինացի Դենիս Միհայն էր։ Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 0։1 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Մկրտչյանը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ` 2։1, ու գոտեմարտի վերջնամասը անցավ անչափ լարված պայքարում։ Մեր ըմբիշն ակտիվ գործողություններով կարողացավ զարգացնել ձեռք բերած հաջողությունը` 3։1, և վերջապես հիանալի գցումով, որը գնահատվեց 4 միավոր, Մկրտչյանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ։ Այսպիսով` Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպայի առաջնություններում երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց բրոնզե մեդալ։
Քիչ անց բրոնզե մեդալի համար գոտեմարտի դուրս կգա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Իսկ ավելի ուշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։