ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն արդեն որոշել է` ում է վստահելու նախարարի պաշտոնը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում կարծում են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- ասել է նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ըստ թերթի` չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբնակ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի:
Նա դեռ նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում վայր էր դրել պատգամավորական մանդատն ու ԱԻՆ գործուղվել՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակադրմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաեւ իր տեսակետը լսելու, բայց նրա հեռախոսահամարն ամբողջ օրվա ընթացքում անջատված է եղել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020 թ. նոյեմբերի 20-ին, իսկ 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել էր «Ազգային հերոսի» կոչումով։
Մարտի 31-ին նա 2 ամսով կալանավորվեց. մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։