ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլին՝ շաբաթական մեկ, մայիսին` երկու, իսկ ամռան ամիսներին` շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ։
Դեպի Փարիզ թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում «FlyOne Armenia»-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է. «Մեր եվրոպական երթուղիների ցանցը շարունակաբար ընդլայնվում է: Ուրախ ենք ազդարարելու դեպի Փարիզ կանոնավոր չվերթերի մեկնարկը՝ այսպիսով ընդլայնելով մեր թռիչքային աշխարհագրությունը»։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
Հիշեցնենք` Երևանի «Զվարթնոց օդանավակայանից դեպի Փարիզ կանոնավոր չվերթերի մասին օրեր առաջ հայտարարել էր նաև «Transavia» ավիաընկերությունը, որն այդ երթուղով առաջին թռիչքը կիրականացնի ապրիլի 23-ից։